Ոնց ծուռ հայելու դեմ, պայթում եմ ծիծաղից, Չէ, շատ ճարպկորեն ինձ այս խաղի մեջ առան. Երախներ են չռված, կարմիր քթեր են ցից - Ասես կառնավալ է սա մի վենետիկյան: Ի՞նչ անեմ ես հիմա: Հեռո՞ւ փախչեմ շտապ: Իսկ գուցե միանամ նրանց զվարճանքի՞ն: Հուսով եմ` գազանի ահեղ դիմակի տակ Շատերն ունեն նորմալ կերպարանք մարդկային: Դիմակ-կեղծամով են անխտիր բոլորը. Այս մեկը` գրական, մյուսն` հեքիաթի կերպար: Տխուր Առլեքին է իմ ձախ հարևանը, Աջը` դահիճ, ամեն երրորդը` մի տխմար: Մեկը թաքցնում է դեմքը համառորեն, Մյուսն ուզում է կորած պատիվը ետ բերել, Իսկ մի երրորդն ահա անկարող է արդեն Պարտադիր դիմակից իր դեմքը տարբերել: Շուրջպարի մեջ եմ ես մտնում քրքջալով, Բայց նրանց հետ սիրտս անհանգիստ է էլի. Մեկ էլ տեսար` դահճի այս դիմակր խոժոռ Ինչ-որ մեկին դուր գա, ու նա էլ չհանի: Հանկարծ ու հավիտյան թախծի Առլեքինը` Տրտում իր պատկերով անչափ հրապուրված, Եվ կամ` ապուշը այս ապուշի դիմակը Թողնի իր իսկական դեմքին միշտ փակցված: Իմ շուրջը բոլորվում, փակվում է օղակը, Ինձ խլում են արագ ու պարի մեջ քաշում: Ա՜յ քեզ բան. իմ մաքուր, սովորական դեմքը Կարծես թե դիմակ են հիմա բոլորն հաշվում: Ժապավեննե՜ր, զարդե՜ր... Սակայն ինչ-որ այն չէ... Ինձ թշնամանքով են դիմակները նայում, Գոռգոռում են, թե ես իրենց չափի մեջ չեմ, Անվերջ սրա-նրա ոտքերն եմ տրորում: Ծիծաղում են դժնի դիմակներն ինձ վրա, Նաև ուրախներն են գնալով չարանում` Առած փակի ներքո մարդկային դեմքն իրենց, Ինչպես մի անթափանց պարսպի ետևում: Մուսաներին եմ ես հետապնդում հետո, Բայց չեմ խնդրի` գոնե մեկն իմ առաջ բացվի. Ինչ իմանաս` ընկած դիմակների ներքո Մի այլ կիսադիմակ-կիսադեմք չի բացվի:
Դիմակների գաղտնիքն արդեն շատ պարզ է ինձ, Համոզված եմ` ես ճիշտ հասկացել եմ նրանց. Պարզապես ապտակից, թուք ու լուտանքներից Բթության դիմակը պաշտպանում է ոմանց: Բայց թե առանց դիմակ սրիկա ես եղել, Հանգիստ կրիր դու այն: Իսկ դուք...Ասեմ ես ձեզ. Ուրիշի դեմքի տակ ինչո՞ւ զուր թաքնվել, Երբ գեղեցիկ է շատ ձեր դեմքը իսկապես: Բարի դեմքը ես ո՞նց զանազանեմ չարից, Ինչպե՞ս ազնիվներին անսխալ ճանաչեմ: ...Նրանք էլ չեն ուզում զրկվել դիմակներից, Որ մի օր դեմքն իրենց քարերով չջարդեն:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1997
© Զավեն Հարությունյանը. Audio, 2017