Իմ սև մարդը իր հագին կոստյում ունի մոխրագույն… Նախարար է նա եղել, կառավարիչ ու սպա: Ոնց մի դժնի ծաղրածու, դիմակներ էր նա փոխում Եվ հանկարծ ու անառիթ ձեռք բարձրացնում ինձ վրա: Աչքերիս մեջ ժպտալով` ջարդում էին թևերն իմ, Ու խզզոցս երբեմն ոռնոցի էր փոխարկվում: Ես պապանձվում ու անզոր տրվում էի ցավերին` Շշնջալով հուսահատ.-Գո~հ եմ, որ ողջ եմ մնում: Սնահավատ էի ես. փնտրում էի նշաններ, Թե իբր հե’չ, սա կանցնի, դիմանալ է միայն պետք… Չէի քաշվում մինչև իսկ կաբինետներ ներխուժել` Հետո երդում տալով ինձ` վե’րջ, այսուհետ էլ երբե’ք: Լսվում էին շուրջս միշտ ինչ-որ ձայներ ճղճղան. - Փարիզն արդեն իր համար ջրի ճամփա է սարքում… Նման մակին մեր երկրից պիտի քշե’լ անպայման, Վաղուց պիտի դա արվեր, ծուլացել են ՙվերևում՚: Իմ գանձերի, ՙդաչայի՚ մասին էին փսփսում. Իբր շատ եմ հղփացել, փող եմ շինում շարունակ: Վերցրե’ք, զիջու~մ եմ ձրի, ձե~զ եմ անդարձ նվիրում Այն ամենը, ինչ ունեմ` բանտախուցն իմ երկսենյակ: Խորհուրդներով հոգատար` խրատ էին ինձ կարդում Ընկերներս` հաջողակ, արդեն հայտնի պոետներ, Իրենց բարձունքից ուսիս թփթփացնում ու ասում. - ՙՓչում-ճչում՚ բառերով հեչ տեղին չէ հանգ կազմել: Ու երակն համբերության պայթեց մի օր իմ ներսում, Եվ մահվան հետ ի վերջո ՙդու՚-ի անցա ես մեկից, - Իմ շուրջը նա վաղուց էր համառորեն պտտվում Ու քաշվում էր երևի միայն խռպոտ իմ ձայնից: Չէ’, մտադիր չեմ բնավ դատարանից թաքնվել, Եթե կանչեն, պատրաստ եմ պատասխանել հարցերին: Կյանքս վայրկյան առ վայրկյան չափել, ի մի եմ բերել, Եվ լավ թե վատ, հարմարվել, քաշում էի լուծը իմ: Բայց պիղծն ու սուրբն իրարից ես արդեն լավ եմ ջոկում, Դա վաղուց եմ սովորել տարիներից իմ ապրած: Իմ ճամփան մեկն է, տղե’րք, մեն միակը այս կյանքում, Եվ, լա~վ է, որ այլ ուղի ու ընտրություն չի’ տրված:
© Լեոն Բլբուլյան. Կազմեց. Թարգմանություն, 1990
© Լեոն Բլբուլյան. Audio, 1990