Քրքջում եմ, ինչպես ծուռ հայելու աոաջ. Վարպետորեն, հավանաբար, ինձ ձեռ առան, Կեռաքթեր, բացբերաններ` մինչև ականջ, Ինչպես զվարթ պարահանդես վենետիկյան: Օղակն իմ շուրջ նեղանում է կամաց-կամաց, Ինձ խլում ու ներքաշում է շուրջպարն ահեղ, Բոլորն այստեղ իմ բնական դեմքն անկասկած Ընդունել են դրած ինչ-որ դիմակի տեղ: Ճայթռիկներ, գունաթղթեր... Սակայն այն չէ, Եվ դիմակներն ինձ են նայում կշտամբանքով, Գոռգոռում են, որ ես դարձյալ չափի մեջ չեմ, Որ կոխում եմ ոտքերն իրենց իմ ոտքերով: Ես չգիտեմ, թե ինչ անեմ` փախչե՞մ շտապ, Իսկ գուցե և ես նրանց հետ զվարճանա՞մ` Հուսալով, որ գազանների դիմակի տակ Դեռ մարդկային կերպարանքներ ու դեմքեր կան: Ողջը դիմակ-կեղծամով են մի մարդու պես, Հեքիաթային ու գրական հերոսներ են, Իմ ձախ կողմում խեղկատակ է տխուր ու հեզ, Մյուսը` դահիճ, և ապուշ է երրորդն ամեն: Մեկը իրեն ջանացել է պարզերեսել, Ճանաչվելուց թաքցնում է մեկը դեմքն իր, Երրորդն իրոք անկարող է զանազանել Իր դեմքն արդեն դիմակներից այս պարտադիր: Շուրջպարում եմ ուղեկցությամբ իմ քրքիջի, Բայց և այնպես անհանգիստ եմ ես նրանց հետ, Բա որ մեկին դուր գա դիմակը դահիճի, Եվ այն հանել չցանկանա նա այդուհետ... Բա որ հանկարծ խեղկատակը ընդմիշտ թախծի` Սիրահարված տխրությանը իր դիմակի... Բա որ ապուշն իր դիմակը դեն չգցի Եվ մոռանա բնությունից տրված դեմքին... Ինչպե՞ս անեմ, որ բարի դեմք բաց չթողնեմ Եվ անսխալ զանազանեմ ազնիվներին, Բոլորն ախր ման են գալիս դիմակադեմ, Որ քարերը չվնասեն իրենց դեմքին: Դիմակների գաղտնիքի մեջ ահա մտա Եվ վստահ եմ` ճիշտ է բացվում գաղտնիքը ինձ, Որ շատերին դիմակները այս անկենդան Պաշտպանում են թուք ու մրից և ապտակից...
                       
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007