Ոնց ծուռ հայելու դեմ, պայթում եմ ծիծաղից,
Չէ, շատ ճարպկորեն ինձ այս խաղի մեջ առան.
Երախներ են չռված, կարմիր քթեր են ցից -
Ասես կառնավալ է սա մի վենետիկյան:
Ի՞նչ անեմ ես հիմա: Հեռո՞ւ փախչեմ շտապ:
Իսկ գուցե միանամ նրանց զվարճանքի՞ն:
Հուսով եմ` գազանի ահեղ դիմակի տակ
Շատերն ունեն նորմալ կերպարանք մարդկային:
Դիմակ-կեղծամով են անխտիր բոլորը.
Այս մեկը` գրական, մյուսն` հեքիաթի կերպար:
Տխուր Առլեքին է իմ ձախ հարևանը,
Աջը` դահիճ, ամեն երրորդը` մի տխմար:
Մեկը թաքցնում է դեմքը համառորեն,
Մյուսն ուզում է կորած պատիվը ետ բերել,
Իսկ մի երրորդն ահա անկարող է արդեն
Պարտադիր դիմակից իր դեմքը տարբերել:
Շուրջպարի մեջ եմ ես մտնում քրքջալով,
Բայց նրանց հետ սիրտս անհանգիստ է էլի.
Մեկ էլ տեսար` դահճի այս դիմակր խոժոռ
Ինչ-որ մեկին դուր գա, ու նա էլ չհանի:
Հանկարծ ու հավիտյան թախծի Առլեքինը`
Տրտում իր պատկերով անչափ հրապուրված,
Եվ կամ` ապուշը այս ապուշի դիմակը
Թողնի իր իսկական դեմքին միշտ փակցված:
Իմ շուրջը բոլորվում, փակվում է օղակը,
Ինձ խլում են արագ ու պարի մեջ քաշում:
Ա՜յ քեզ բան. իմ մաքուր, սովորական դեմքը
Կարծես թե դիմակ են հիմա բոլորն հաշվում:
Ժապավեննե՜ր, զարդե՜ր... Սակայն ինչ-որ այն չէ...
Ինձ թշնամանքով են դիմակները նայում,
Գոռգոռում են, թե ես իրենց չափի մեջ չեմ,
Անվերջ սրա-նրա ոտքերն եմ տրորում:
Ծիծաղում են դժնի դիմակներն ինձ վրա,
Նաև ուրախներն են գնալով չարանում`
Առած փակի ներքո մարդկային դեմքն իրենց,
Ինչպես մի անթափանց պարսպի ետևում:
Մուսաներին եմ ես հետապնդում հետո,
Բայց չեմ խնդրի` գոնե մեկն իմ առաջ բացվի.
Ինչ իմանաս` ընկած դիմակների ներքո
Մի այլ կիսադիմակ-կիսադեմք չի բացվի:
Դիմակների գաղտնիքն արդեն շատ պարզ է ինձ,
Համոզված եմ` ես ճիշտ հասկացել եմ նրանց.
Պարզապես ապտակից, թուք ու լուտանքներից
Բթության դիմակը պաշտպանում է ոմանց:
Բայց թե առանց դիմակ սրիկա ես եղել,
Հանգիստ կրիր դու այն: Իսկ դուք...Ասեմ ես ձեզ.
Ուրիշի դեմքի տակ ինչո՞ւ զուր թաքնվել,
Երբ գեղեցիկ է շատ ձեր դեմքը իսկապես:
Բարի դեմքը ես ո՞նց զանազանեմ չարից,
Ինչպե՞ս ազնիվներին անսխալ ճանաչեմ:
...Նրանք էլ չեն ուզում զրկվել դիմակներից,
Որ մի օր դեմքն իրենց քարերով չջարդեն:
|