Իմ սև մարդը իր հագին կոստյում ունի մոխրագույն…
Նախարար է նա եղել, կառավարիչ ու սպա:
Ոնց մի դժնի ծաղրածու, դիմակներ էր նա փոխում
Եվ հանկարծ ու անառիթ ձեռք բարձրացնում ինձ վրա:
Աչքերիս մեջ ժպտալով` ջարդում էին թևերն իմ,
Ու խզզոցս երբեմն ոռնոցի էր փոխարկվում:
Ես պապանձվում ու անզոր տրվում էի ցավերին`
Շշնջալով հուսահատ.-Գո~հ եմ, որ ողջ եմ մնում:
Սնահավատ էի ես. փնտրում էի նշաններ,
Թե իբր հե’չ, սա կանցնի, դիմանալ է միայն պետք…
Չէի քաշվում մինչև իսկ կաբինետներ ներխուժել`
Հետո երդում տալով ինձ` վե’րջ, այսուհետ էլ երբե’ք:
Լսվում էին շուրջս միշտ ինչ-որ ձայներ ճղճղան.
- Փարիզն արդեն իր համար ջրի ճամփա է սարքում…
Նման մակին մեր երկրից պիտի քշե’լ անպայման,
Վաղուց պիտի դա արվեր, ծուլացել են ՙվերևում՚:
Իմ գանձերի, ՙդաչայի՚ մասին էին փսփսում.
Իբր շատ եմ հղփացել, փող եմ շինում շարունակ:
Վերցրե’ք, զիջու~մ եմ ձրի, ձե~զ եմ անդարձ նվիրում
Այն ամենը, ինչ ունեմ` բանտախուցն իմ երկսենյակ:
Խորհուրդներով հոգատար` խրատ էին ինձ կարդում
Ընկերներս` հաջողակ, արդեն հայտնի պոետներ,
Իրենց բարձունքից ուսիս թփթփացնում ու ասում.
- ՙՓչում-ճչում՚ բառերով հեչ տեղին չէ հանգ կազմել:
Ու երակն համբերության պայթեց մի օր իմ ներսում,
Եվ մահվան հետ ի վերջո ՙդու՚-ի անցա ես մեկից, -
Իմ շուրջը նա վաղուց էր համառորեն պտտվում
Ու քաշվում էր երևի միայն խռպոտ իմ ձայնից:
Չէ’, մտադիր չեմ բնավ դատարանից թաքնվել,
Եթե կանչեն, պատրաստ եմ պատասխանել հարցերին:
Կյանքս վայրկյան առ վայրկյան չափել, ի մի եմ բերել,
Եվ լավ թե վատ, հարմարվել, քաշում էի լուծը իմ:
Բայց պիղծն ու սուրբն իրարից ես արդեն լավ եմ ջոկում,
Դա վաղուց եմ սովորել տարիներից իմ ապրած:
Իմ ճամփան մեկն է, տղե’րք, մեն միակը այս կյանքում,
Եվ, լա~վ է, որ այլ ուղի ու ընտրություն չի’ տրված:
|