Պրկած ջիլ, ջիղ նետվում եմ ողջ թափով,
Սակայն այսօր կրկին չկա պրծում.
Շուրջկալել են, սեղմել ճիչով, ծափով -
Դեպի համարներն են ինձ հալածում:
Եղեգնուտում որոտում են հրացանները,
Որսորդները դիպուկ են, ուրախ:
Ձյան վրա գալարվում են գայլերը,
Որպես կաղկանձի կենդանի թիարախ:
Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած -
Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր:
Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած.
Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր:
Գայլերիս հետ ազնվաբար չեն վարվում
Եգերները, բայց հաստատ ձեռք ունեն:
Դրոշակներով մեր ուղին են ճաղում
Եվ խփում են անվրեպ, ապաքեն:
Գայլը չի կարող խախտել սովորույթը.
Թերևս մեր մոտ կաթի հետ մեկտեղ
Մեր մեջ մտել է և այս վարույթը.
Կարմիր գիծը չի կարելի հատել:
Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած -
Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր:
Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած.
Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր:
Այո’ - ունենք կարող ոտք ու ծնոտ.
Բացատրիր, մեծ գայլ, մեր վարքը.
Մենք հալածական հասնում ենք գծի մոտ
Եվ սակայն չենք հատում այդ խեղճ արգելքը:
Գայլն անզոր է - չկա այլ ընտրություն.
Ահա ավարտվեց և իմ ժամանակը -
Ով ուներ վստահ նշանառություն -
Ժպտաց` իրենն է նշավակը:
Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած -
Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր:
Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած.
Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր:
Բայց ես հնազանդեցումից անցա
Լաթերի - կյանքը հաղթեց մահին:
Իսկ շփոթ կանչերի վրա պանծացա -
Քակտել էի անքակտ բարքերը հին:
Պրկած ջիլ, ջիղ նետվում եմ ողջ թափով,
Սակայն այսօր երեկվա նման չէ.
Շուրջկալեցին, այո, ճիչով, ծափով,
Սակայն չհասան նրանք ոչնչի:
Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած -
Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր:
Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած.
Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր:
|