Օրենքից դուրս է այս գիշերն ինձ համար:
Գրում եմ. գիշերով թեմաներ միշտ էլ կան:
Ինձ մոտ եմ քաշում ես հեռախոսն ու դարձյալ
07 հավաքում` համարն իմ մշտական:
Ընկերուհի, բարև: Ձեր անունը ի՞նչ է:
Խնդրում եմ շուտ, Տոմա, մի քիչ շուտ միացրեք:
Կրկնե՜ք, տա՛նն է նա, այո՜, ես վստահ եմ:
Ահա և վերցրեց: “Սիրելի՛ս, այդ ես եմ”:
Օրենքից դուրս է այս գիշերն ինձ համար:
Չեմ քնում, չուշացնեք, ձեզ շատ եմ ես խնդրում:
Ինչո՞ւ են թանկագին, սիրելի իմ մարդկանց
Ինձ այսպես` կտրոնով ու վարկով մատուցում:
Ընկերուհի, ասեք, Ախր ես ի՞նչ անեմ,
Չեմ կարող համբերոլ, խենթանում եմ արդեն:
Թող կորչեն գծերն այդ, ես վաղն իսկ կթռչեմ:
Բայց ահա միացավ, “Սիրելիս, այդ ես եմ”:
Հեռախոսը իմ դեմ` ասես սրբանկար,
Հեռախոսացանկը` աղոթագիրք հիմա:
Մադոննա դարձավ այն աղջիկն ինձ համար,
Կիլոմետրերն անթիվ կրճատելով մի պահ:
Ընկերուհի՜, իմ լավ, Դեռ մի՜, մի՛ անջատեք:
Դուք` բարի հրեշտակ, խորանում մնացեք:
Գլխավորը դեռ նոր, նոր պիտի ես ասեմ:
Ահա և միացավ.”Սիրելի՛ս, այդ ես եմ”:
Ի՞նչ, էլի գծե՞րն են ինչ որ տեղ վնասվել:
Ռելե՞ն է նորից փչացել իմ բախտից:
Ինչ արած, կսպասեմ, վաղուց եմ վարժվել
Երեկոս ամեն օր սկսել 0-ից:
07, բարև ձեզ: Այո՜, ես եմ էլի:
Հարկավոր չէ արդեն, միացրեք Մագադան:
Խոստանում եմ ես ձեզ, էլ երբեք չեմ զանգի,
Իմ անբախտ ընկերոջ հետ խոսեմ այս անգամ:
Օրենքից դուրս է այս գիշերն ինձ համար:
Քնելու համար չեն էլ գիշերները իմ:
Իսկ եթե քնեմ, ինձ հյուր կգա Մադոննան,
Որը, ո՞ւմ չգիտեմ, սակայն շատ է նման:
Ընկերուհի, ի՜մ լավ, Տոմա՜, ես եմ նորից:
Չեմ կարող համբերել, ու ժամացույց չունեմ:
Այո՜, ինձ են ուզում: Դե, իհարկե, տանն եմ:
“Միացնում եմ, խոսեք”: “Սիրելի՛ս, այդ ես եմ”:
|