Այստեղ եղևնու թաթերը ձյան տակ,
Ծածուկ դողում են ձայներից անկոչ,
Կախարդանքներին հլու հպատակ,
Եվ վհուկների դիվային կամքով:
Դու էլ ես այստեղ, դու էլ չես կարող,
Քեզ հմայքներով կապել է ջադուն,
Ծածկել է քեզնից երգը արարող,
Ու թմբիրի մեջ պահել իր բանտում:
Թեկուզ չորանա անտառն արմատից,
Եվ ծաղիկներին բուքը հալածի,
Առնեմ ձեռքերիս ու տանեմ պիտի,
Ու թող սերը քեզ իր դուռը բացի:
Թող այսօր արցունք չկաթի խոտին,
Եվ թող լուսինը ամպի մեղքն առնի,
Ապարանքներում, երկնքին մոտիկ,
Կապույտ ծովը թող նշան տա դռնից:
Եվ շաբաթվա մեջ կլինի մի օր,
Եվ ժամ կլինի, հնազանդ մի թիվ,
Երբ կամուրջները կքանդի բոլոր,
Որ անցյալը մեզ չհետապնդի:
Իսկ եթե սրտիդ ցանկությունն էր սա,
Եվ գողությունը հանցանք չէր բնավ,
Դղյակը, - կասենք, - շատերին հասավ,
Բայց մեր խրճիթը՝ միայն մեզ մնաց:
|