Ես «Յակ» կործանիչն եմ, կործանիչ եմ ու վերջ,
Թե հուպ տամ՝ կթնդա երկինքը,
Բայց նա, ով այսօր նստել է իմ մեջ,
Կարծում է, թե՝ ինքն է ու ինքը:
Հենց նոր էր, պոչից բռնեցի «Յունկերս»-ին,
- Ա՛յ այդպես, փոշիդ կցրեմ,
Բայց նա, ով կռվին միշտ նայում է ներսից,
Արդեն հոգուս է հասցրել:
Մեխանիկն ինձ կարեց, կարկատեց հազար տեղ,
Կողերս ծակծկվել էին կարգին,
Իսկ նա, ով իմ մեջ է, շնչիս է նստել,
Բան չի հասկանում երկնքից:
Ռմբակոծիչը ոռնոց է հանում,
Մահվան պես պարզ է այսքանը,
Իսկ գծի մեջ մի երգ կա, չի հանգստանում՝
- Խաղաղությու՛ն ձեր տանը:
Ահա «Մեսսերշմիդտ»-ը մտավ առաջինը,
Ես հոգնել եմ, էլ ուժ չկա,
Ես պոկվել եմ ուզում, իսկ սա՝ իմ միջինը,
Ինձ հանում է՝ ճակատ առ ճակատ:
Այս ի՞նչ է, այս ու՞ր, հիմա կբախվենք,
Բայց չեմ ուզում ես վառվել ցածում,
Եվ անհույս մի ճիգով սլանում եմ վեր,
Եվ սուտ են օրենքներն այս գործում:
Ու նորից վերևում եմ ես, իսկ նա՝ ներքևում,
Կապրենք դեռ, ինձ հերի՛ք էր այսքանը,
Իսկ նա ծխի մեջ պտտվում է, ևվում՝
- Խաղաղությու՛ն ձեր տանը:
Բայց այս մեկն, ով այսօր իմ մեջ է նստել,
Եվ ամեն ինչ խառնում է իրար,
Չէ՞ որ մենակ չի, ե՛ս էլ եմ այստեղ,
Եվ դա է կարևորն ինձ համար:
Նա ամբողջ ուժով մեկ քաշում է ղեկից,
- Իսկ ես, դե՝ ուզեմ, չուզեմ,
Նորից ճռռոցով պոկվում եմ երկինք,
Այս անգամ էլ ես նրան կլսեմ:
Սա վերջինն է, երդվում եմ, ես էլ չեմ զիջի,
Ու կասեմ երեսին, ինչ ուզում է լինի,
Որ իր պետքն էլ չի, թե սիրտս միջից,
Տրաքվում է առանց բենզինի:
Համբերությունն էլ իր սահմանն ունի,
Ամեն ինչին վերջ կա կյանքում,
Ահա նա, ով պոկ չէր գալիս ինձանից,
Գլուխը դրեց ապակուն:
Խփեցին, վերջապես, ես շրջան եմ մտնում,
Ինչո՞վ եմ ես պակաս ուրիշից,
Բայց արի տես՝ չեղած ուժերս եմ վատնում,
Ու դժվար, թե՝ դա երկար քաշի:
Ափսոս, շատ ափսոս, որ ուշ եմ հասել,
Բայց եթե ինձ վիճակված էր այսքանը,
Ուրեմն ես էլ կարող եմ ասել՝
- Խաղաղությու՛ն ձեր տանը:
|