Քարափի երկայնքով, անդունդի հետ բերան-բերան,
Մտրակում եմ, դաղում եմ, քշում եմ ձիերս,
Խեղդվում եմ, կուլ չեն գնում էլ քամին, էլ ամպերը երամ-երամ,
Վերջանում եմ, կորչում եմ, ու ցնծում են իմ կորուստն իմ աչքերը:
Քիչ էլ, քիչ էլ, ձիերս, համբերեք ինձ,
Ի՛նձ լսեք, մի լսեք մտրակի սուլոցները, որ տանում են ցած,
Իմ բաժինը, մի՞թե այս ձիերն էին բաժինս, գլխակորույս իրենց իսկ ձայնից,
Երգելուց ուշացած, սիրելուց ուշացած:
Թե կանգնեմ, ուրեմն անդունդի եզերքի՛ն կկանգնեմ մի քիչ,
Թե երգեմ, ուրեմն ծարավ էին ձիերս, ծարավ էին, և որիշ՝ ոչինչ:
Փոթորիկը փետուրի պես թեթև կթռցնի ինձ ափից,
Կկորչեմ համաչափ դոփյունի հետ լծված ձիերի,
Դանդաղ քայլերի մեջ տերն իմ արագ վախճանը կչափի,
Ու վախով, դողացող ձայնով կխնդրեմ, որ ճամփան մի քիչ էլ երկարի:
Քիչ էլ, քիչ էլ, ձիերս, համբերեք ինձ,
Մի՞թե մտրակները պիտի, և սուլոցները պիտի տանեին ձեզ ցած,
Իմ բաժինը, մի՞թե ձիերն էին բաժինս, գլխակորույս իրենց իսկ ձայնից,
Երգելուց ուշացած, սիրելուց ուշացած:
Թե կանգնեմ, ուրեմն անդունդի եզերքի՛ն կկանգնեմ մի քիչ,
Թե երգեմ, ուրեմն ծարավ էին ձիերս, և ուրիշ՝ ոչինչ:
Հասցնել, հասցնել է պետք, ինչ ուզում է լինի,
Թեկուզ, հյուրերն աստծո, լսել եմ, թե՝ չեն ուշանում,
Ի՞նչ ձայներ են, նորից խլացնում են, բայց այնքան նման են իմ ձայնին,
Որ ապրել էր ուզում, բայց ձիերիս անդունդ էր տանում:
Քիչ էլ, քիչ էլ, ձիերս, համբերեք ինձ,
Մի՞թե մտրակները պիտի, և սուլոցները պիտի տանեին ձեզ ցած,
Իմ բաժինը, մի՞թե ձիերն էին բաժինս, գլխակորույս իրենց իսկ ձայնից,
Երգելուց ուշացած, սիրելուց ուշացած:
Թե կանգնեմ, ուրեմն էլի անդունդի եզերքի՛ն շունչ կառնեմ մի քիչ,
Թե երգեմ, ուրեմն էլի ծարավ էին ձիերս, և ուրիշ՝ ոչինչ:
|