Այսօր քնքշանքի ժամանակը չի,
Փակվել են սրտերը բռունցքի պես,
Ահա որսացի գնդակն առաջին,
Իսկ հաջորդը՝ թողնում եմ ձեզ:
Ետ չեմ դառնալու, - մտքովս անցավ, -
Ինչ թանկ էր ապրելու գինը,
Մեր որդիները ինչ շուտ մեծացան,
Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը:
Ինձանից հետո, թեկուզ՝ ջրհեղեղ,
Որոշեց մեկը ու ելավ թմբին,
Բայց թե ես նրա համար եմ այստեղ,
Որ իմ գնդակը նրան չխփի:
Հիմա աչքերս կփակվեն անձայն,
Ու հող կդառնա հողի գրկինը,
Մեր որդիները ինչ շուտ մեծացան,
Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը:
Մեզանից հետո ո՞վ պիտի մնա,
Որ սրտանց պատասխանը տա,
Եվ ես ցանկացա, - դա լինի թող նա,
Ում հագով սապոգներ չգտան:
Ու ես ժպտացի վերջում ծայրեծայր,
Ահա նա՝ քթիս տակինը,
Մեր որդիները ինչ շուտ մեծացան,
Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը:
Լռում են սրտերն իրար ետևից,
Բայց իմը գոռում է դեռ կրծքիս միջով,
Թե՝ չի վերջանում ոչինչ իմ վերջով,
Որ կյանքը հավերժ կտևի:
Հիմա աչքերս կփակվեն անցավ,
Ու հող կդառնա հողի գրկինը,
Մեր որդիները ինչ շուտ մեծացան,
Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը:
|