Չի տարվել նա ոչ փառքին, ոչ փողին,
Հասակից կամ դիրքից իր փքված,
. . .
Ու քայլերով միայն իր՝ քայլողի,
Նա անցնում է նշմարված ուղին,
Նյարդի պես մերկացած ու ձգված:
Ահա նա՝ ճոճվում
է վերևում մեն-մենակ,
Մի քիչ աջ թե տանի՝
կկորչի, կգնա,
Մի քիչ ձախ թե բերի՝ փրկություն չունի,
Բայց, արի տես, որ չորս քառորդը լարի,
Անցնելու է, ինչ էլ լինի:
Խանգարում են լույսերը նրան, շփոթում,
Ծակծկում են իրենց փշե պսակով,
. . .
Ու փողերը փչում, տրաքում են օդում,
Եվ ճիչերը վազում, փախչում են տակով,
Ուր ամեն ինչ ոռնում է ու ամեն ինչ թնդում:
Իսկ նա դեռ ճոճվում
է վերևում մեն-մենակ,
Մի քիչ աջ թե տանի՝
կկորչի, կգնա,
Մի քիչ ձախ թե բերի՝ փրկություն չունի,
Բայց արի՝ տես, որ երեք քառորդը լարի,
Անցնելու է, ինչ էլ լինի:
Լռում են օթյակները, փափկասուն նվաղում,
Հիմա մի վայրկյանը՝ մի դար կտևի,
. . .
Ու հևում են կրծքերը ու ճիչերը թաղում,
Եվ նրան թվում է այնտեղ՝ վերևից,
Թե ցածում թզուկներն են իր մահվան հետ խաղում:
Ու հիմա գմբեթի
մեջտեղում է մենակ,
Մի քիչ աջ թե տանի՝
կկորչի, կգնա,
Մի քիչ ձախ թե բերի, փրկություն չունի,
Բայց, հանգի՛ստ, իր երկու քառորդը մնաց,
Ու կանցնի նա, ինչ էլ լինի:
Եվ ժպիտը նրա շուրթերին պարեց,
Այդպես առաջինն է ժպտում վերջինին,
. . .
Ո՞վ կարող է հիմա նրան խանգարել,
Ու դոփում է դահլիճը խելագար, երջանիկ,
Ու դողում է պարանն ինչպես ներվ:
Ահա նա վերևում է,
ճոճվում է մեն-մենակ,
Մի քիչ աջ թե տանի՝
կկորչի, կգնա,
Մի քիչ ձախ թե բերի, փրկություն չունի,
Բայց արդեն մնացել է մեկ քառորդը լարի,
Որ կանցնի նա, ինչ էլ լինի:
Ու գոռաց կրկեսը, հետո սթափվեց,
Եվ գազանները ծանոթ հոտ առան,
. . .
Գուցե անվստահ, գուցե՝ անվարան,
Բայց քայլն այդ վերջին պոկեց ու տարավ,
Թեփ ու փոշու մեջ արյունը թափվեց:
Իսկ հիմա մեկ ուրիշն
է վերևում մեն-մենակ,
Մի քիչ աջ թե տանի՝
կկորչի, կգնա,
Մի քիչ ձախ թե բերի, փրկություն չունի,
Բայց արի՝ տես, որ սա էլ չորս քառորդն իր բաժին,
Անցնելու է, ինչ էլ լինի:
|