Ճիշտը մաքուր սիրունիկ շորերով պտտվում էր՝
Կյանքից հոգնած թշվառ հրեշտակների համար,
Սուտը խարդախ նրան հյուր էր կանչել ու ասում էր.
«Ուշ է, մնա ինձ մոտ. դրսում խավար է համակ։»
Ճիշտը լսեց, չգիտեր, որ տանտերն անառակ է,
Ու գիշերեց Ստի մոտ՝ քնի մեջ ժպտալով,
Սուտը արդուն իր վրա քաշեց փափուկ վերմակը,
Ոտքից գլուխ իր հյուրին վավաշոտ չափելով։
Ձեռքը գցեց, ու վերցրեց սիրունիկ շրջազգեստը,
Ու ժամացույցն, անձնագիրը ու դրամ գողացավ,
Երբ Ճիշտը քնած է, խաբելը նրան ինչքա՜ն հեշտ է,
Սուտը թքեց, հայհոյեց ու արագ հեռացավ։
Առավոտյան, երբ զարթնեց Ճիշտը, շատ զարմացել էր,
Երբ նկատեց, որ ինչ-որ միամիտ խելագար
Ցեխ էր կրել հատուկ, ու իր վրա շպրտել էր՝
Ճիշտը մաքուր ու անբիծ կեղտոտելու համար։
Երբ քարկոծում էին ճիշտը, ժպտում էր միայն նա.
«Սուտ է, դա Սու՛տն է, հենց նա՛ է շորերս տարել»,
Երկու հրեշտակ սկսեցին կատարել հրամանը.
«Բերման ենթարկե՛լ ու խախտումը այդ արձանագրե՛լ։»
Ճիշտը մաքուր բացատրում էր, լալիս ու երդվում էր,
Հետո թափառում՝ միայնակ, անառողջ ու թշվառ,
Սուտը խլել էր նրա սպիտակ ձին ու քշում էր,
Նրա աչքի դեմ և ինքն իրենից գոհ ու հպարտ։
Ու այս կյանքում դեռ երբեմն ոմանք գտնվում են,
Որ ճառերով կեղծ խաբվում են ու բոցավառվում,
«Ճիշտը, տղերք ջան, մի օր անպայման հաղթելու է,
Եթե վարվի ճիշտ այպես, ինչպես Սուտն է վարվում։»
Ու երբ լցնում ես սփոփանքի հարյուր հիսուն գրամը,
Հաճախ չգիտես էլ որտեղ կարթնանաս այս կյանքում,
Կարող են վերջին քո շապիկը հանել, բարեկամս,
Մեկ էլ տեսար, քո տաբատը այն Սուտն է կրում,
Մեկ էլ տեսար, ժամացույցը քո Սուտն է լարում,
Մեկ էլ տեսար, քո նժույգը հենց Սուտն է վարում...
|