Ծորացող մոմերով, աղոթքով ողողված,
Պայքարի ու ռազմի գրքերով են ապրել
Մանուկներ գրքային, թեժ մարտեր չտեսած,
Դարդերով իրենց մանր տանջվել, տառապել։
Միշտ նեղվում են մանչերը
Իրենց տարիքից,
Եւ կռվել ենք անվերջ մինչ
Արյուն՝ վերքերից,
Բայց մայրերը շորերն էին
Մեր կարկատում,
Մինչդեռ գիրք էինք մենք
Հիացած կլանում։
Եւ հուզմունքը լարում էր, ճակատ քրտնացնում,
Կրծքերում քաղցրորեն ինչ-որ բան ճմլելով,
Եւ բուրմունքն էր մարտի գլուխներ պտտում,
Էջերից հին դեղնած մեր վրա իջնելով։
Եւ փորձում էինք մենք՝
Պատերազմ չտեսած,
Ոռնոցները ահեղ
Մարտագոչ համարած,
Հասկանալ իմաստները
Գրոհի, սահմանի
Եւ զգալ գաղտնիքները
«Առա՜ջ» հրամանի։
Իսկ եռած կաթսաները նախորդ մարտերի
Ի՜նչ սնունդ են տալիս մեր փոքրիկ ուղեղին
Մենք դերերը ստորի, դավաճան վախկոտի
Խաղերում հատկացնում էինք ոսոխներին։
Մենք քայլին ենք չարի
Աչալուրջ հետեւել,
Եւ չքնաղ կույսերին
Խոստացել ենք սիրել։
Եւ փրկել ընկերին
Մերձվորին սիրելով,
Եւ դերում հերոսի
Միշտ հենց մեզ տեսնելով։
Անհնար է ընդմիշտ երազում թաքնվել.
Կարճ է դարը խաղի՝ այնքան ցավ կա չորսդիս։
Դու փորձի՛ր մեռածի ձիգ ափերը բացել
Նրա զենքն ընդունել քարացած ձեռքերից։
Դու փորձի՛ր, վերցնելով
Նրա թուրը դեռ տաք
Եւ զրահ հագնելով,
Տեսնել ինչ է վտանգ։
Հասկացիր, դու վախկոտ,
Թե՞ ընտրյալ ես բախտի
Եւ պայքար արյունոտ,
Իսկական ճաշակիր։
Եւ երբ կողքդ կընկնի քո ընկերն վիրավոր,
Եւ դու այդ առաջին կորստից կցնցվես,
Եւ ասես մաշկազերծ քեզ կզգաս եւ անզոր,
Այն բանից, որ սպանել են իրեն՝ ոչ թե քեզ,
Քեզ այդժամ կհասնի,
Կբացվի այդ պահին՝
Երախից դիմկալի.
Այդ երախն է մահի։
Սուտն ու չարը՝ նայի,
Այդ կոպիտ դեմքերին,
Ունեն շունչ դագաղի,
Եւ թռիչք ագռավի։
Թե ուղին քո բացել ես թրով հայրական,
Եւ աղոտ արցունքներ ես շուրթով որսացել,
Թե թրծվել ես դաժան մարտերում իսկական,
Դու, ուրեմն, ճի՛շտ գիրք ես փոքրուց կարդացել։
Իսկ թե միս պատռված
Մի կտոր չես կերել,
Եւ ձեռքերդ ծալած
Վերեւից ես նայել
Եւ ընդդեմ ստոր դահճի
Թեժ պայքար չես վարել
Դու ուրեմն կյանքիդ
Գիրքը չես ընթերցել։
|