Ծառերն այստեղ դողդողում են ծանր ու թաց,
Ծլվլում են թռչունները ահաբեկ:
Ապրում ես դու այս անտառում կախարդված
Եվ այստեղից հեռանալու չունես ելք:
Թող թխենու պտուղները ցամաքեն,
Եղրևանին թող անձրևի իր հանգույն -
Միևնույն է քեզ այստեղից կտանեմ
Դեպի պալատ, ուր սրինգն է նվագում:
Կախարդները քո աշխարհը ինձանից
Թաքցրել են հազարավոր տարիներ։
Քեզ թվում է այս մոգական անտառից
Չկա ոչինչ գեղեցիկ ու առավել:
Թող լուսինն ու ամպերն երկնի գժտվեն,
Թող վաղորդյան ցող չնստի խոտերին, -
Միևնույն է քեզ այստեղից կտանեմ
Ծովահայաց պատշգամբով տունն իմ հին։
Շաբաթվա ո՞ր օրը, ասա, ո՞ր ժամին
Զգուշորեն կգաս ինձ մոտ անարգել:
Ե՞րբ կտանեմ քեզ՝ պահած իմ ձեռքերին
Այնտեղ, որտեղ անհնար է մեզ գտնել:
Կգողանամ, եթե դեմ չես քո հոգում, -
Այսքան ուժեր ուրեմն իզու՞ր եմ վատնել:
Համաձայնվիր գոնե դրախտին՝ հյուղակում,
Եթե պալատն զբաղեցրել են արդեն:
|