Ո՞վ ասաց «Երկիրն այրվել է իսպառ,
Եվ հողն այլևս չի տա բերք ու բար։»
Երկիրն, ո՞վ ասաց, թե մահ է գտել։
Ոչ, նա պարզապես լուռ պահ է մտել։
Ինչպես որ ծովը չես դարձնի ցամաք,
Մայրությունն էլ ետ չես առնի Երկրից։
Արդյո՞ք այրել են Երկիրը համակ,
Ոչ, սևացել է նա ծանր վշտից։
Արյունոտ վերք են խրամատները,
Ռմբաձագարներն ասես խոց են բաց։
Երկրի մերկացած նյարդերի ցավը
Մի գերերկրային տանջանք է անանց։
Նա կդիմանա, կգտնի իրեն,
Մի համեմատիր Երկրին հաշմի հետ,
Ո՞վ ասաց, որ նա չի երգում արդեն,
Որ նա լռել է ընդմիշտ, առհավետ։
Ո՜չ։ Նա զնգում է, հոգոցը թաքցրած,
Ղողանջ է ներսում ամեն մի վերքի,
Չէ որ Երկիրը մեր հոգին է բաց,
Հնարավոր չէ կոխորտել հոգին։
Երկիրն, ո՞վ ասաց, թե մահ է գտել,
Ոչ, նա պարզապես լուռ պահ է մտել։
|