վարիացիաներ գնչուական թեմաներով
Շրջում էի ու թափառում կրնկակոխ կամ առջևից,
Զզում էի, որ շնչում եմ, կազդուրվում հազիվ,
Մի օձային թախիծ հանկարծ, կանաչ մի թախիծ
Ինչ-որ ճարպիկ մի շարժումով թռավ իմ վզին:
Ի՜նչ քաղաքներ ման չեմ եկել, սակայն իրեն չեմ ճանաչում,
Իսկ նա ահա շշնջում է. «Ոնց եմ սպասե՜լ»,
Ի՞նչ անեմ ես: Ո՞ւր գնամ: Որտե՞ղ կամ ինչո՞ւ:
Ինձնից անկախ` ես կապվեցի, իրեն ի՞նչ ասեմ:
Ուր ցանկանամ, դեռ ինչ-որ կերպ մենակ գնալ կարող եմ ես,
Ես ինքս իմ դատավորն եմ, գլխիս տեր-աղան,
Բայց լծվեցի լծաղեղին քեղաձիու պես.
Արտաքինից պարզ է, սակայն ներսից նենգ այնքան:
Վնասակար տիզի նման, հավատացե՛ք` չեմ զրպարտում,
Ես խրվել եմ ինքս իմ մեջ, ուս եմ թափ տալիս,
Ես ինքս ինձ մտրակում եմ, ես ինձ քոթակում,
Հակասություն ասածիս մեջ զուր եք ման գալիս:
Բա՛խտ իմ, նրան կա՛մ նվիրիր և կա՛մ փողով տուր ուրիշին,
Խոստանում եմ` քեզ հարկ կտամ մինչև զերեզման,
Ի՛մ տրտմություն` թոքախտավոր արարած չնչին,
Այդ ինչքան ես դու կենսունակ նոր ախտի նման:
Առավոտյան ձայն չի հանում, ինչքան ուզում ես մտրակիր,
Իսկ գիշերը մեկ էլ` շրը՛մփ, մեկնվում կողքիս,
Գեթ մի գիշեր ուրիշի մոտ գոնե գիշերիր,
Շան որդի է սուտ ասողը, չեմ խանդի ես քեզ...
|